կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս երթը անձերի մասին չէ, ես չեմ ուզում սա դառնա կուռքերի շարժում. Բագրատ Սրբազան

Այս երթը անձերի մասին չէ, ես չեմ ուզում սա դառնա կուռքերի շարժում. Բագրատ Սրբազան

Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ։ Այս մասին այսօր երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե եկեղեցին քաղաքական դաշտ են ներքաշել։

«Քաղաքականություն չկա մեր երկրում, կա ուղղակիորեն քմահաճույքներով, պարտադրումներով ու այլ մեթոդների միջոցով պարտադրվող կառուցվածք երևի»,-ասաց նա։

Սրբազանը նշեց, որ նյութական ոչ մի  ակնկալիք գոյություն չունի այս պայքարի մեջ․ «Ստանալիքը՝ հայրենիքը և պատիվն է»,- հայտարարեց Սրբազանը։ Նա նշեց, որ վերջնանպատակը մեկ շաբաթ անց շատ լավ է պատկերացնում և շեշտեց, որ մարդկանց քանակն էական չի։

«Եթե մեր երկրում կա նույնիսկ մեկ հոգի մարդ, որ համաձայն է, դա է մեզ համար էականը։ Այս երթը և՛ գույն չունի, և՛ բազմագույն է, այս շարժումը եռագույնի շարժում  է»,-ասաց Սրբազանը։

Սրբազան հայրը նշեց, որ պետք է դադարեցնել քաղաքականության մասին այդ քննարկումները․ «Ճիշտ ենք անում, եթե խառնվում ենք քաղաքականությանը, դուք չեք կարողանում, դրա համար էլ մենք ենք խառնվում, եթե քաղաքականություն է դա»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդը ևս մեկ անգամ նշեց, որ այս շարժումը, այս երթն անձի մասին չի, ոչ էլ անձերի մասին է։

«Ես որևէ կերպով չեմ ուզի, որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չի, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից, ստորացումներից ազատվելու, վերականգնվելու, ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է։ Մենք հաղթանակի կարիք ունենք և կարոտ ենք մնացել։

Այս երթը մեզ համար պետք է դառնա այդ հաղթանակի, ինքնամաքրվելու երթը, սա չակնկալիքների պայքար է։ Ոչ մի ակնկալիք չկա, միայն և միայն հայրենիք և պատիվ ստանալու։ Սա հաշտության լայն օրակարգ ունի, ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել։ Եվ ովքեր այս ճանապարհի մեջ կգոռան, կկանչեն, իրենց ինքնադրսևորումն այլ կերպ ցույց կտան, նրանք ուղղակիորեն պետք է հեռացվեն, որովհետև նրանք ո՛չ մտքով, ո՛չ հոգով և ո՛չ էլ իրենց ընկալումներով այս ինքնամաքրման շարժման հետ աղերս ունենալ չեն կարող»,-ասաց Սրբազանը։

  • Կիսվել: