Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը՝ թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համակարգող Ջեֆրի Քլոհայի գլխավորությամբ: Սա պատվիրակության երկրորդ այցն էր Սուրբ Էջմիածին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Թանգարանը 2021 թվականին ծրագրում է կազմակերպել ցուցահանդես «Աստծո շունչը» խորագրի ներքո` նվիրված հայկական Աստվածաշնչին և հայոց եկեղեցական արվեստին:
Զրույցի ընթացքում հյուրերը Նորին Սրբությանը տեղեկություններ են փոխանցել ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքների ընթացքի և անհրաժեշտ ցուցանմուշների շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունների վերաբերյալ: