երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում (տեսանյութ)

Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում (տեսանյութ)

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն գյուղում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության քարի հանքում իրականացվում է ապօրինի արդյունահանում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին իրավապահները ստուգման նպատակով այցելեցին քարհանք: Հայտնաբերվեցին տուֆի մեծաբեկորով բեռնված մի «ԿամԱԶ» և տրակտոր:

Տնօրենը հրավիրվեց բաժին: Նրա հետ զրույցից պարզվեց, որ նա հանքարդյունաբերությունը կազմակերպում է առանց հողատարածք օգտագործելու պայմանագրի, նաև ներկայացրել է գործունեության վերաբերյալ թերի փաստաթղթեր:

Ըստ տվյալների` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 29-ամյա տնօրենը համայնքի սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հողատարածքում իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Ամասիա համայնքին:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են:

  • Կիսվել: