հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ահազանգ՝ Կալավան համայնքի Բարեպատ գյուղը չունի գազ, ջուր, բուժկետ, դպրոց, մշակույթի օջախ, ճանապարհներն էլ անմխիթար վիճակում են

Ահազանգ՝ Կալավան համայնքի Բարեպատ գյուղը չունի գազ, ջուր, բուժկետ, դպրոց, մշակույթի օջախ, ճանապարհներն էլ անմխիթար վիճակում են

InfoPort.am-ի խմբագրություն է դիմել Երևանից ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի Բարեպատ գյուղ տեղափոխված մի երիտասարդ ընտանիք՝ խնդրելով բարձրացնել համայնքի ենթակառուցվածքների բարելավման խնդիրը։

Ինչպես կայքին պատմեց ընտանիքի մայրը՝ Ադանա Մարտիրոսյանը, ի տարբերություն շատ ու շատ ընտանիքների իրենց երիտասարդ ընտանիքը վերջերս  տեղափոխվել մայրաքաղաքից՝ գյուղում ապրելու և արարելու հստակ մտադրությամբ։

Սակայն առաջին իսկ օրերից նորաբնակները բախվել են քաղաքի բնակիչներին խորթ խնդիրների՝ պարզվել է, որ համայնքում չկա գազ, գյուղը չունի բուժկետ, դպրոց, խանութ, մշակույթի որևէ օջախ։ Գյուղաբնակները մի կերպ համակերպվել են այս խնդիրներից մեծ մասի հետ, սակայն խմելու ջրի և նորմալ ճանապարհների բացակայությունը ուղղակի անտանելի են։

Քանի որ գյուղում դպրոց չկա, բարեպատցի երեխաները ստիպված են գնալ կամ Կալավանի կամ մյուս ամենամոտ գյուղի՝ Դպրաբակի,  դպրոց։ Բարեպատից Կալավան գնացող գրունտային, քարքարոտ, տեղ–տեղ անանցանելի, ամռանը փոշոտ, գարնան ու աշնան ամիսներին ցեխափոսերով լի ճանապարհը սկսվում է Դպրաբակ գյուղից։ «Հիմա ամառ է, ճանապարհը փոշոտ է, բայց՝ անցանելի։ Մի քանի ամսից մոտենում է աշունը։ Սեպտեմբերին Բարեպատի երեխաները՝ այդ թվում և իմ ավագ դուստրը, ստիպված են լինելու գնալ կողքի գյուղերի դպրոցները։ Աշնանային ամիսները այս կողմերում հորդառատ են լինում, գյուղացիների վկայությամբ ճանապարհը դառնում է գրեթե անանցանելի, երեխաները շատ դեպքերում չեն էլ կարողանում հասնել հարևան գյուղերի դպրոցները, տուժում է նրանց ուսում ստանալու իրավունքը։ Ինչու՞։ Բացի այդ՝ այդ Չճանապարհը լուրջ խոչընդոտներ է ստեղծում բուժօգնության հասանելիության առումով։ Չէ որ գյուղը իր սեփական բուժկետն էլ չունի։ Իսկ հասնել մոտակա բուժկետ կամ որևէ այլ համայնքից բժիշկ հրավիրել գյուղ այս դարուփոս ճանապարհով շատ ժամանակատար է, հաճախ դա ճակատագրական հետևանքներ է ունենում»,- նշում է Ադանան։

Հաջորդ՝ ոչ պակաս կարևոր խնդիրը, որ հուզում է բարեպատցիներին, դա խմելու ջրի բացակայությունն է։ Ըստ Մարտիրոսյանի՝ գյուղի բնակիչները փորձել են խնդիրը լուծել իրենց միջոցներով՝ գումար են հավաքել, ջրագիծ անցկացրել, սակայն մշտական ջուր ունենալու «բերկրանքն» նրանք առ այսօր չեն կարողանում վայելել։ Իհարկե զարմանալի է, թե ինչու է ջրամատակարարման խնդրի լուծումն իր ուսերին վերցրել բարեպատցին, եթե համայնքն ունի ղեկավար (Սամվել Ծատուրյան), ով աշխատավարձ է ստանում ՀՀ քաղաքացու (այդ թվում նաև՝ բարեպատցու) վճարած հարկերից և նրա անմիջական գործառույթերից մեկն էլ հենց համայնքի խնդիրներին լուծում տալն է։ Փաստն այն է, որ առ այսօր ջրի հետ կապված որևէ հարց առաջանալու դեպքում, համայնքի բնակիչը հույսը միմիայն իր ու համագյուղացիների վրա է դնում՝ լավ գիտակցելով, որ համայնքի ղեկավարից կամ պետական այլ պաշտոնյայից ակնկալիք չի կարող ունենալ։

«Վստահ եմ, որ ճանապարհի բարեկարգումը կնպաստի ամայացող համայնքի վերակենդանացմանը։ Հնարավոր է, որ իրենց ծննդավայրը լքող բարեպատցիներից մի քանիսը հենց այս խնդիրների պատճառով են հեռացել»,- նշում է երիտասարդ կինը։

Այս խնդիրների լուծման հույսով Մարտիրոսյանները նամակներով դիմել են երկրի վարչապետին, պատկան այլ մարմիններին՝ խնդրելով ասֆալտապատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ–Բարեպատ–Կալավան «ճանապարհը» և աջակցել գյուղը խմելու ջրով ապահովելու հարցում։ Նամակների պատասխանները նրանք դեռևս չեն ստացել։ Հույս ունեն, որ մեր հրապարակումն էլ կօգնի պատկան մարմինների ուշադրությունը սևեռել գյուղի խնդիրների վրա։ 

  • Կիսվել: