շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են

ԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են

Տավուշի որոշ պաշտոնյաներ եկել են Կիրանց, փոխհատուցում առաջարկել այն գյուղացիներին, ում տունը կամ հողատարածքը սահմանազատման արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, NEWS.am-ին հայտնեց գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը:

«Եկել, ասել են մի՛ անհանգստացեք, ձեր անվտանգությունը կապահովվի, իսկ էն մարդկանց, ում տունը կամ հողատարածքը մնալու է Ադրբեջանի տարածքում, փոխհատուցում կտան ձեզ: Ժողովուրդը ո՛չ իրանց առաջարկած անվտանգությունն է ուզել, ո՛չ էլ փոխհատուցումը»,-պատմեց նա՝ շեշտելով, որ իր ունեցած տեղեկություններով 2 տուն և մի շարք հողատարածքներ են հայտնվելու Ադրբեջանի տիրապետության տակ:

«Գյուղացիներն այս պահին հավաքված են գյուղապետարանի մոտ, և իրենց անելիքներն են փորձում հասկանալ»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ հավելելով, որ գյուղապետ Կամո Շահինյանը նույնպես այնտեղ է:

Կիրանցի բնակչի խոսքով. գյուղապետ Կամո Շահինյանը գյուղացիներին առաջարկել է գնալ Իջևան և հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրանք մերժել են առաջարկը:

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը լրագրողներին հայտնել է, որ պատրաստ է կանգնել իր գյուղացիների կողքին։ Շահինյանը նաեւ առաջարկել է համագյուղացիներին հրաժարական տալ, սակայն նրանք չեն համաձայնվել։ Այս պահին գյուղապետարանում կրքերը չեն հանդարտվում, կիրանցեցիները պատասխան են պահանջում իշխանություններից։

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։

  • Կիսվել: