ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2019-ին արձանագրվել է 4799 ՃՏՊ, զոհվել է 341 քաղաքացի. ՃՈ-ն ամփոփել է տարին

2019-ին արձանագրվել է 4799 ՃՏՊ, զոհվել է 341 քաղաքացի. ՃՈ-ն ամփոփել է տարին

Հունվարի 21-ին ճանապարհային ոստիկանությունում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները։ Խորհրդակցությունը վարում էր ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

Ամփոփիչ զեկույցը ներկայացրել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ըստ զեկույցի՝ 2019 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4799 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 341, վիրավորվել՝ 6801 քաղաքացի։ Զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2-ով։

Նույն ժամանակահատվածում տեսահսկող սարքերի և ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից արձանագրվել և կազմվել է Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի իրավախախտման 1․959․170 որոշում, ինչը շուրջ 314․000-ով ավելի է քան 2018 թվականին։ Նվազ նշանակություն ունեցող խախտման համար կիրառվել է 298․645 նախազգուշացում՝ նախորդ տարվա 208․410-ի դիմաց։ Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով կայացվել է 112․732 որոշում, սահմանային անցակետերում ծանուցվել է 16․706 անձ։

Անցած տարի գերծանրաբեռնված են աշխատել հաշվառման-քննական ստորաբաժանումները, իրականացվել են բազմաթիվ ուղեկցումներ, ուժեղացված ծառայություններ։

Կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել նաև ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակների հրամանատարները։ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով թվային տվյալները, վերհանել է թերություններն ու բացթողումները, դարձրել քննարկման առարկա։ Ավարտին՝ խորհրդակցության մասնակիցներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

 

  • Կիսվել: