10 մլն ծառ տնկելու ծրագիրը 2020 թվականի բյուջեով նախատեսված չէ. նախարար
Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մատնանշած 10 մլն ծառ տնկելու մասին ծրագիրը չի իրականացվելու բյուջեի հաշվին, դա ենթադրում է ֆինանսավորման այլ գործընթացներ, այսօր Ազգային ժողովում Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականին անտառվերականգնման ծրագրերի շրջանակներում մոտավորապես 400 մլն դրամ գումար է նախատեսված: Նախարարը նշեց, որ արդեն կապի մեջ են Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի գործընկերների հետ: Նախնական պայմանավորվածություններ կան և տնկիների, և այլ հարցերով համատեղ ծրագիր իրականացնելու:
«Բայց նաև ուզում եմ նշել, որ, ինչպես պարոն վարչապետը նշեց իր ելույթում, սա համահայկական ծրագիր է, և գաղափարն ավելի շատ այն է, որ այս ծրագրի իրականացմանը լայն մասնակցություն կունենան ինչպես Հայաստանի տարբեր շահառուներ, մասնակիցներ, բիզնես կառույցներ, դպրոցներ, այնպես էլ Սփյուռքից: Ինչպես նաև մշակվում են մի քանի մեխանիզմներ, որոնց միջոցով ևս որոշակի ռեսուրսներ հնարավոր կլինի գեներացնել: Առանձին 10 մլն տնկի տնկելու հետ կապված որևէ հոդված նախատեսված չէ բյուջեում»,- ասաց նա: