Զինվորական ծառայությունից ապօրինի ազատում․ ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019 թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝ 30.000 ԱՄՆ դոլար չափով գումար։
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործների ինքնությունը բացահայտվել է, անձինք պարզաբանվել են: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը 2019 թ. նոյեմբերի 21-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։