ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացումն է, ինչպես նաեւ՝ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծումը:

Հարցը քննարկվել է մարտի 19-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

«Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն վարչական դատավարության ոլորտում առկա մի շարք հարցեր, նախատեսվում են արագացված դատաքննության կարգի եւ ժամկետների ավելի մանրամասն կանոններ՝ սահմանելով, թե որ պահից է դատարանն անցնում դատական ակտ կայացնելուն եւ երբ պետք է հրապարակվի դատական ակտը: Օրենսգիրքը կլրացվի նոր հոդվածներով, որոնք կկարգավորեն Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների, թվաբանական սխալների ուղղման պահանջները»,- մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ տեղի ունեցել աշխատանքային քննարկում, առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստում: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: