երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սիրանուշ Սահակյանը խտրական մոտեցում է նկատել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման հարցում

Սիրանուշ Սահակյանը խտրական մոտեցում է նկատել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման հարցում

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը խտրականություն է համարում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար պայմաններ դնելը:

«Անհասկանալի պահանջ է ներկայացվել հասարակական կազմակերպությունների 5-ամյա գործունեության փորձառության մասին: Դա խտրական լինելուց բացի, նաև անտրամաբանական է, որովհետև կարող են լինել կառույցներ տասը տարվա փորձառությամբ, որոնք չունենան անհատներ սահմանադրական իրավունքի ոլորտում գոնե մեկ տարվա գործունեության փորձով», -InfoPort.am-ի հետ զրույցում նկատեց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով, իր հիմնադրած հասարակական կազմակերպությունը չունի հինգ տարվա գործունեության փորձ, բայց դրանում ընդգրկված են անհատներ, որոնք իրավաբանության ոլորտում մասնագետներ են, սահմանադրագետներ: Այդուհանդերձ, Սահակյանը չբացառեց, որ իրենց կազմակերպության իրավաբան գիտնականները կդիմեն՝ հանձնաժողովում ներկայացված լինելու համար:

Նշենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին: Ըստ այդմ, ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

  • Կիսվել: