երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելով՝  «Իմ քայլը» մտադիր է երկիրը հետ պահել ցնցումներից. Մակունց

ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելով՝ «Իմ քայլը» մտադիր է երկիրը հետ պահել ցնցումներից. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ «Իմ քայլը» ՍԴ վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելով մտադիր է երկիրը հետ պահել ցնցումներից: Այս մասին նա նշել է այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Մակունցը, մասնավորապես, ասել է. «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրավունք ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները:

Ասվածը վերաբերում է նաև հանրաքվեի միջոցով իր ձայնը լսելի դարձնելուն: Առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմինների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի առարկա դարձնելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը, և երկիրը հետ պահել անցանկալի ցնցումներից»:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

 

  • Կիսվել: