երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սամվել Ուզունյանը երկրի տարածքը լքել է մինչև դատարանի կողմից կալանքի որոշման կայացումը. Գոռ Աբրահամյանը պարզաբանում է

Սամվել Ուզունյանը երկրի տարածքը լքել է մինչև դատարանի կողմից կալանքի որոշման կայացումը. Գոռ Աբրահամյանը պարզաբանում է

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը վստահեցնում է, որ քրեական գործով որևէ մեղադրյալի, մասնավորապես նախկին դատավոր Սամվել Ուզունյանին ՀՀ պետական սահմանը հատելն արգելելու հարցում Գլխավոր դատախազությունը որևէ իրավասություն չուներ:

«Փախչել թողնողն ու չթողնողը դատախազությունը չէ: Խնդրում եմ՝ յուրաքանչյուր մարմնի ֆունկցիաները շատ հստակ ամրագրենք: Իսկ դատախազությունը իրականացրել է իր գործողությունները պատշաճ. այսինք այն պահին, երբ որ բավարար են համարվել ԲԴԽ-ին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար բավարար ապացուցողական բազան, դատախազությունը համապատասխան միջնորդությունները ներկայացրել է», -InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Գոռ Աբրահամյանը:

Նրա ներկայացմամբ, Բարձրագույն դատական խորհուրդի՝ որոշման կայացումից անմիջապես հետո Դատախազությունում կայացվել է անձին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն, ինչից հետո օպերատիվ կերպով նաև իրականացվել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու գործըթնացը և այդ միջնոդրությունըդ դատարանը բավարարել է:

«Եվ երբ հանձնարարվել է Ոստիկանությանը անձին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, պարզվել է, որ դա հնարավոր չէ: Եվ հայտարարվել է հետախուզում: Մինչև դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացումը, անձի ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակումը ոչ իրավաչապ է և ապօրինի: Սա հստակ պետք է լինի: Իսկ տվյալ դեպքում առկա տվյալների համաձայն, անձը երկրի տարածքը լքել է մինչև դատարանի կողմից այդ որոշման կայացումը»,-ընդգծեց Աբրահամյանը:

Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27-ի» գործով դատավորն է եղել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատակից հանդիսացող Սամվել Ուզունյանը, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

  • Կիսվել: