Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան, Սաղաթելյանը Երևանի քննչականում է, մեղադրանք են առաջադրում. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Ընթանում է դատավորի մակագրության գործընթացը։ Դեռ հայտնի չի ո՛չ դատավորը, ո՛չ էլ նիստի ժամը։ Հավանաբար նիստը կնշանակվի մոտակա 2-3 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):
Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար»,-նշել է նա:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, թե ինչի համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը:
Այսպես՝ 2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։