երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քրեական գործի նյութերը Հրայր Թովմասյանի սանիկի օգտին են. Փաստաբան

Քրեական գործի նյութերը Հրայր Թովմասյանի սանիկի օգտին են. Փաստաբան

Նորայր Փանոսյանը, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է և այսօր կալանավորվեց, մեղադրանքը չի ընդունում, իսկ կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը նրա փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան:

«Այս պահին նախաքննություն է ընթանում, և ես միայն կարող եմ ասել, որ Փանոսյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է, փաստարկված չէ: Իրավական առումով անհիմն մեղադրանք է», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փանոսյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Նորայր Փանոսյանին, հիշեցնենք, առաջադրված մեղադրանքը լրացվել էր և մեղադրանք էր առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

«Իմ պաշտպանյալին մեղսագրվում է մի արարք, որը կատարվել ոչ իր կողմից: Այդ մարդը այդ ժամանակ պաշտոնյա չի եղել և մեծ ցանկություն էլ եթե ունենար, չէր կարող պաշտոնեական լիազորությունները չարաշահել: Անձին մեղսագրվում է մի արարք, որը կատարել է ենթադրաբար: Այսպիսի վիճակ է: Ուղղակի կարող եմ ասել, որ իրավական առումով փաստարկված մեղադրանք չէ», -ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է կալանավորելու որոշմանը, փաստաբանն ասաց, որ դրա համար հիմնավոր կասկած չի ունեցել դատարանը և ոչ օբյեկտիվ որոշում կայացրել ու այդ պատճառով էլ պատրաստվում են բողոքարկել կալանորելու մասին որոշումը:

«Ամբողջ նյութերը, որոնք քրեական գործում կան, մեր պաշտպանյալի օգտին են: Այնտեղ ոչ մի բան չկա, որ մեր պաշտպանյալը հանցանք է կատարել», -ասաց փաստաբանը:

Փանոսյանի պաշտպանական խմբի մեկ այլ անդամ Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ Նորայր Փանոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ վերջինը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:

Մեր հարցին՝ արդյոք ինքը, ծանոթ լինելով քրեական գործի նյութերին, նման պնդում կարող է անել, Սարգսյանը պատասխանեց.

«Ես իմ գործընկերոջ պնդումը չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հրայր Թովմասյանը»:

ՍԴ նախագահին, հիշեցնենք, մեղադրանքն առաջադրվել է արդարադատության նախարար եղած ժամանակ նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

  • Կիսվել: