երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքապետի տեղակալը որեւէ քրեական գործի հետ առնչություն չունի. Կարապետյանը հերքել է Hraparak.am-ի տեղեկությունը

Քաղաքապետի տեղակալը որեւէ քրեական գործի հետ առնչություն չունի. Կարապետյանը հերքել է Hraparak.am-ի տեղեկությունը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Hraparak.am-ի տարածած տեղեկությանն այն մասին, թե իբր Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն «անցնում է» փետրվարի 5-ին հայտնի դարձած՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին մեղսագրվող կաշառք ստանալու քրեական գործով: Նա հերքել է լրատվամիջոցի տարածած տեղեկությունը:

Կարապետյանը, մասնավորապես, գրել է. «Hraparak.am լրատվական կայքում տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն «անցնում է» փետրվարի 5-ին հայտնի դարձած՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին մեղսագրվող կաշառք ստանալու քրեական գործով:

Թեեւ կայքի լրագրողի հետ հեռախոսազրույցում Հայկ Սարգսյանն անձամբ հերքել է այս բամբասանքը, այնուհանդերձ, ապատեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցով:
Կրկին հայտնում ենք, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը որեւէ քրեական գործի, առավելեւս, «Վահագն Վերմիշյանի» գործի հետ առնչություն չունի որեւէ կարգավիճակով: Տեղեկացնում ենք նաեւ, որ, հակառակ հիշյալ նյութում առկա տեղեկության, Հայկ Սարգսյանը չի համակարգում կամ չի վերահսկում շինարարության ոլորտը:

Քաղաքապետի տեղակալի անվան արծարծումը նմանատիպ նյութերի տարածման մեջ համարում ենք քաղաքային իշխանության եւ քաղաքապետի տեղակալի անձի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի արատավորման փորձ:

Հորդորում ենք լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն պարունակող նյութեր, իսկ Hraparak.am կայքին առաջարկում ենք համարժեք հերքում հրապարակել՝ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների»:

Hakob Karapetyan-ի լուսանկարը:
 
 
 
 

  • Կիսվել: