երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանության պետի պաշտոնակատարը՝  «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու զենքի մասին

Ոստիկանության պետի պաշտոնակատարը՝ «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու զենքի մասին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին:

Լրագրողների դիտարկմանը, թե համացանցում շրջանառվեցին խոսակցություններ և լուսանկարներ, որոնց համաձայն՝ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի ձեռքին այլ զենք է եղել, իսկ ոստիկանությանը հանձնել է բոլորովին այլ զենք, Արման Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, եթե դուք ուշադիր նայեք, իր ձեռքին եղել է «Սայգա» տեսակի ողորկափող հրացան, և եթե ուսումնասիրեք նույն համացանցում այդ հրացանները, կտեսնեք, որ տեսանյութում երևացող զենքը նույնն է»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին, ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է եւ տեղափոխվել ոստիկանություն:

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների ավարտին անձը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին եւ տեղափոխվել ոստիկանություն:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։

  • Կիսվել: