շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին, Գառնիկ Դանիելյանին և Սուրեն Պետրոսյանին մտնել Կիրանց

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին, Գառնիկ Դանիելյանին և Սուրեն Պետրոսյանին մտնել Կիրանց

Ոստիկանները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին, պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց:

«Մեր տեղաշարժը արգելելը լրիվ անօրինական է, մենք ականապատ դաշտ չենք պատրաստվում մտնել, մենք ուղղակի գյուղացիներին ենք ուզում տեսնել:

Մենք երեքս՝ ես, պարոն Սուրեն Պետրոսյանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ուզում էինք գնալ ժողովրդին տեսնել, մարդկայնորեն, հոգևոր իմաստով, զուտ հասկանալու՝ ոնց են, վիճակներն ինչպես է, և մեր ահասարսուռ ոստիկանները որոշեցին, որ այդ ողորմությունը չպետք է անեն։Մենք ընդամենը գնալու էինք 5-10 րոպեով տեսնեինք, այլ բան չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Դիտարկմանը՝ թե հայտարարվել է, որ տարածքում ականազերծում է իրականացվում և անվտանգության նկատառումներից ելնելով է մարդկանց մուտքն արգելվում, Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց, որ այդ ամենն անօրինական է արվում։

«Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսներին թողնում։ Լրիվ անօրինական է մեր տեղաշարժն արգելելը։ Մենք ոչ ականապատ դաշտ էինք մտնում, ոչ որևէ այլ բան անում, գնում էինք այն տարածքը, որտեղ ժողովուրդ կա, բարևենք, ասենք շնորհակալություն հաց ու ջրի համար։ Այդ մարդիկ մեզ խնամել են, հասկանում ե՞ք», - նշեց նա։

Գառնիկ Դանիելյանն էլ իր հերթին նշեց․«Հոգևոր առաջնորդի, պատգամավորի մուտքը փակում են։ Մեկն ստեղ մի ավելի բառ խոսի, ասի՝ վայ, էս իմ հայրենիքն ա, քրեական գործը կհարուցեն, կտանեն կազատազրկեն։ Քանի մարդու են մեր գյուղերից տարել, փակել՝ շինծու մեղադրանքներով։ Բայց ադրբեջանցիները կարող են գալ ստեղ ու տեր ու տիրակալ լինել։ Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գյուղի մանկահասակ երեխաների են ծեծել 17 տարեկան, տարել են բաժին, փաթաթվում, գրկում են իրար, համբուրում են, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրում։ Վաղը, մյուս օրը, ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր հանել են ճանապարհին տեղադրված վրանները:

Հիշեցնենք,  որ մայիսի 2–ին վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների: Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տալիս մուտք գործել գյուղ։

 

  • Կիսվել: