շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան

Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան

Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց ուղղեցին այս օրերին Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին, նշեցին՝ մարդկանց ելքն ու մուտքը սահմանափակված է, արդո՞ք նա ոստիկանության գործողությունները համարում է իրավաչափ:

ՄԻՊ-ը նշեց՝ այս պահին վերջնական գնահատական չի կարող տալ՝ կապված մարդկանց տեղաշարժի հետ:

«Որպեսզի կարողանամ տալ վերջնական գնահատական, պետք է հասկանամ, թե նրանց տեղաշարժը ինչ հիմքով է ընդհանրապես սահմանափակված: Որովհետև շատ հնարավոր է, և դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է իր դիրքորոշումներով հաստատել և մի շարք միջազգային չափանիշներով, որ լինեն մարդու իրավունքները սահմանափակելու հիմքեր, և նաև մարդու իրավունքների սահմանափակումը լինի համաչափ: Դա է պատճառը, որ ինձ անհրաժեշտ է հստակ պաշտոնական պարզաբանում իրավունքների սահմանափակման թե՛ հիմքերի, թե՛ համաչափության հետ կապված, որից հետո, բնականաբար, կկարողանամ գնահատականներ հնչեցնել»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը դիմե՞լ է պարզաբանում ստանալու համար, վերջինս  դրական պատասխան տվեց. «Բնականաբար դիմել եմ, և երբ ստանամ, դրանից հետո հրապարակավ հանդես կգամ: Եթե քաղաքացիները բողոքում են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման հետ կապված, բնականաբար, կան կասկածներ այն առնչությամբ, որ նրանց իրավունքի սահմանափակումը, հնարավոր է՝ ոչ իրավաչափ եղանակով տեղի ունեցած լինի»,- հայտնեց Մանասյանը:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ խնդիր է տեսնում ՄԻՊ-ը, երբ հոգևորականին թույլ չեն տալիս մտնել Կիրանց, մարդկանց հետ շփվել, Մանասյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ որպեսզի կարողանա գնահատել, թե կոնկրետ այդ իրավիճակում կա՞ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե՞ չկա, պետք է ունենա այն հիմնավորումը, որի համաձայն՝ սահմանափակվել է անձանց իրավունքը:

Անահիտ Մանասյանի խոսքով՝ իրեն չեն կարող բավարարել բանավոր պարզաբանումները, թե այդպես են վարվում մարդկանց անվտանգությունը ապահովելու նպատակով:

«Բանավոր պարզաբանումները բավարար չեն, որովհետև գործ ունենք պետական ինստիտուտների հետ, և եթե ձեզ թվում է, որ պետական մարմինը, որը պետք է արժանահավատ տեղեկատվություն տա, հանկարծ իրավասու է լինելու տարածել այնպիսի տեղեկատվություն, որը զուրկ է լինելու արժանահավատությունից, ես դա, բնականաբար, չեմ անելու նաև այն պատճառով, որ ես առաջին ՄԻՊ-ն եմ, ում ԼՂ-ի վերաբերյալ զեկույցները սկսել են ցիտվել միջազգային տարբեր ատյանների կողմից: Ես չեմ պատրաստվում կորցնել իմ խոսքի արժանահավատությունը ընդամենը այն պատճառով, որ ես դառնամ պոպուլյար»,- նշեց Մանասյանը:

  • Կիսվել: