երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՄԻՊ-ը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն

ՄԻՊ-ը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018-2019 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն:

Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաեւ մշտադիտարկման արդյունքում իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ եւ չափանիշներ:

Ժողովածուում տեղ գտած դիրքորոշումները վերաբերում են գրավի՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոցի կարգավորումներին, դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիությանը եւ որոշումների բողոքարկման ընթացակարգերին, աշխատանքի էական պայմանների փոփոխմանը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք եւ այլն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հրապարակվել է «2017-2018 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիր», որը ներառել է 2017 թվականին Սահմանադրական դատարան ներկայացված բոլոր, ինչպես նաեւ 2018 թվականի հատուկ դիրքորոշումների մի մասը:

  • Կիսվել: