ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում կարճել Պապիկյանի դատվածություն ունենալու մասին օրաթերթի հրապարակման հիմքով ՀՔԾ-ի հարուցած գործը

«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում կարճել Պապիկյանի դատվածություն ունենալու մասին օրաթերթի հրապարակման հիմքով ՀՔԾ-ի հարուցած գործը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել կոչով՝ կապված ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով ՀՔԾ-ի հարուցած գործի հետ:

«Մեդիա պաշտպան»-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։

Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է։ Նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար։ Նրանք իրենց ընդդիմախոսների նկատմամբ ուժային կառույցների միջոցով ճնշումներ են կիրառում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մտահոգությունը, ըստ որի` Հայաստանում լրատվականների դեմ դատական գործերն աննախադեպ են, փաստացի, որևէ ուշադրության չարժանացավ, իսկ ճնշումները շարունակվում են։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը և կարճել քրեական գործը»:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

  • Կիսվել: