երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կանեւսկոյին բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց են թողել․ փաստաբան

Կանեւսկոյին բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց են թողել․ փաստաբան

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին (Արտյոմ Հարությունով) բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց են թողել։  Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արտյոմ Կանեւսկոյի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Իրեն այնտեղ պահելու որեւէ հիմք չունեին, ավելին՝ բերման ենթարկելու իրավունք էլ չունեին։ Եթե տեղում վերցնեին զենքերը եւ մի հեռախոսազանգ անեին, անմիջապես կպարզեին, որ  այս զենքերի օրինականությունը բազմաթիվ անգամ ստուգվել է, ընդ որում՝ այդ զենքերի օրինական տերերն էլ այդտեղ են եղել»,-նշեց նա։

Հարցին՝ այսինքն զենքն ու զինամթերքը պատկանել է Արտյոմ Կանեւսկոյի թիկնապահների՞ն, Սարգսյանն ասաց․  «Նա թիկնապահներ չունի, իր հետ եղած անձինք թիկնապահներ չեն եղել։ Արտյոմ Հարությունովը զբաղվում է սպորտով, իր հետ գտնված անձինք էլ են սպորտով զբաղվում, իր ընկերներն են։ Որ ասում են թիկնապահներ, ուղղակի տպավորություն են ստեղծում։ Հիմա եթե մեկը ընկերների հետ է, կարող են ասել թիկնապահների հետ է»։

Նրա խոսքով՝  այդ զենքերը անցյալ տարի բազմաթիվ անգամներ տարել են, ստուգել են․ «Այդ զենքերը անցյալ տարի բազմաթիվ անգամներ տարել են, ստուգել են, բոլորն օրինական զենքեր են, դրանք ստուգվել են մի քանի անգամ։ Վերջին անգամ 2019 թվականի տարեվերջին է 6-րդ վարչությունը տարել, ստուգել, Ազգային անվտանգության ծառայություն է տարել, ստուգել։  Ամեն անգամ այդ զենքերը տանում, փորձաքննություն են նշանակում, հետ տալիս, դեռ նախորդ անգամ տարածներից կա, որ չեն տվել։ Գրանցված, թույլատվություններով օրինական զենքեր են, բայց ոչ հրազեններ։ Դանակ ասում են եղել է, միայն դանակի մասին է խոսքը գնում, բայց, կներեք, ամեն քայլափոխի դանակ են վաճառում»։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ավելի վաղ հայտնել էր, որ բերման է ենթարկել քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովին եւ նրա թիկնապահներին։ Նրանք բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս գործողությունը ներկայացվեց իբրեւ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելուն ուղղված քայլ։

  • Կիսվել: