չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրայր Թովմասյանը Փաշինյանից հերքում չստանալու դեպքում կդիմի դատարան

Հրայր Թովմասյանը Փաշինյանից հերքում չստանալու դեպքում կդիմի դատարան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է Նիկոլ փաշինյանի՝ իր խոսքով ՀՀ իրեն վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին:

Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին: Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։

Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։

Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։ Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։ Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։

Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-մեջբերման ավարտ:

Հիշեցնենք, որ այսօր Կապանում ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել է, որ 2018-ի մայիսից սկսած ամենօրյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով, ապա ամեն շաբաթվա ռեժիմով, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։

"Նա մասնավորապես ասում էր, որ քանի որ ես եմ սահմանադրության էս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ",- բացահայտեց վարչապետը։

Նման հայտարարություն վարչապետը արեց, անրադարնալով ՍԴ նախագահի այն հավաստիացումներին, որ օրվա իշխանությունն ունի Թովմասյանից արագ ձերբազատվելու խնդիր՝ որպես ՍԴ նախագահ:

Հիշեցնենք, որ նախօրեին, անրադառնալով իր բնակարանի խուզարկությանը, Թովմասյանը, մասնավորապես նշել էր․ «Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ: Այդ ամենն արվում է շատ կոպիտ, ակնհայտ, ինչի մասին այլևս իմ ասելով չէ, որ մեր հանրությունը, նաև ողջ միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի: Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, քանի որ ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական է: Շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը, չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»։ 

 

 
  •  

 

 

Նշենք նաև, որ այսօր Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահը, խոսելով վաղ կենսաթոշակի օրենքի մասին, ասում է, որ ՍԴ անդամները հերոս են, դուխ է տալիս էլի:

«ՀՀ սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից: Այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրած ՍԴ, սակայն պարզվում է, որ այդ դատարանի նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Մենք չենք կարող այս իրավիճակին նայել այնպես, որ մի թեթև կեղծիք է եղել ու մինչև 2035 թվականն այդ կարգավորումը չի գործելու»:

«Պաշտոնական կեղծիքի արդյունքում Սահմանադրական դատարանն օկուպացվել է մի անձի կողմից և մի խմբի կողմից: Այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է: Մենք չենք կարող անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել այս ամեն ինչին»:

Հարցին, թե ինչ են անելու, Փաշինյանն ասաց՝ ինչ պետք է, դա էլ անելու են.

««Մենք ասում ենք՝ ՍԴ անդամներ, խնդրում ենք, մի պայքարեք սեփական ժողովրդի, երկրի, երկրի ապագայի դեմ, մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաիքն ու ներքին ուժերի ֆորպոստ: Այս փուլում մենք այդպիսի խնդրանքով ենք հանդես եկել: Հարուցված է քրեական գործ ՍԴ նախագահի պաշտոնն օյկուպացնելու դեպքի առիթով:

Սահմանադրական դատարանի գործող նախագահը, խոսելով վաղ կենսաթոշակի օրենքի մասին, ասում է, որ ՍԴ անդամները հերոս են: Դուխ է տալիս էլի: Ես ուզում եմ հասկանալ՝ էտ հանուն ինչի՞ են պայքարում նրանք: Սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ են: Էտ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն, հանուն ինչի՞, հանուն Հայաստանում իրավական ժողովրդավարական պետությա՞ն, լո՞ւրջ: Բա 2013 թվականի նախագահական ընտրությունները, բա Հայաստանի բոլոր ժամանակների կեղծված ընտրություննե՞րը, բա 96 թվականին կեղծված նախագահական ընտրություննե՞րը: Բա 98 թվականի նախագահական ընտրություննե՞րը, 2003-ի նախագահական ընտրությունները, 2008 թվականի ընտրությունները: Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում»:

 

  • Կիսվել: