չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատարանները չպետք է որևէ անձի բնակարանը խուզարկեն քմահաճ որոշումների հիման վրա․ Արա Ղազարյանը՝ Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին

Դատարանները չպետք է որևէ անձի բնակարանը խուզարկեն քմահաճ որոշումների հիման վրա․ Արա Ղազարյանը՝ Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին

Փաստաբան Արա Ղազարյանը ծանոթ չէ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին և նրա շուրջ կատարվող իրադարձություններին կարող է տեսական գնահատականներ տալ։

«Եթե իրավապահները, որոնք խուզարկություն են իրականացրել Թովմասյանի բնակարանում, պաշտպաններին չեն ծանոթացրել խուզարկության մասին դատարանի որոշմանը, ապա դա խախտում է, որովհետև բնակարանի, անձի անձեռնմխելիության իրավունքն է, պետք է հստակ շարադրված լինի դատական ակտում, թե ինչու է խուզարկության թուլտվություն տրվել», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը։

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, Ղազարյանն ասաց, որ ըստ այդ որոշման դատարանները քմահաճորեն չպետք է խուզարկության մասին որոշումներ կայացնեն։

«Դատարանը խուզարկություն թույլ տալու որշման մեջ պետք է հստակ, մանրամասն պատճառաբանի՝ արդյոք ծայրահեղ անհրաժեշտություն էր, թե՞ ոչ, հանցավորության դեմ պայքարելու հանրային շահը գերակայո՞ւմ է, թե՞ ոչ։ Դատարանները, ըստ Վճռաբեկ դատարանի, քմահաճորեն չպետք է որևէ անձի բնակարանը խուզարկելու համար որոշումներ կայացնեն։ Դա պետք է լինի ծայրահեղ միջոց, որովհետև բնակարանը մարդու սեփականությունն է, որտեղ ընտանիքի անդամներ են ապրում», -ասաց Ղազարյանը՝ ընդգծելով, որ դատարանները չպետք է քննիչի յուրաքանչյուր նման միջնորցություն։

Ըստ փաստաբանի, փաստաբանները ամեն կերպ փորձել են ստանալ դատավորի որոշման տեքստը խուզարկություն իրականացնելու մասին, որպեսզի հասկանան՝ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռում արե՞լ է դատավորը որոշում կայացնելիս, թե՞ ուղղակի «արտագրել է քննիչի որոշումը, ինչպես սովորաբար անում են դատարանները»։

Դիտարկմանը, թե քննչական գործողություններից հետո և փաստաբանները, և Հրայր Թովմասյանը հայտարարեցին, որ այս ամենը քաղաքական հետապնդում է ՍԴ նախագահի նկատմամբ, Ղազարյանը արձագանքեց.

«Այն, որ քաղաքական հետապնդման կոնտեքստ կա, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Բնականաբար, սա էլ պետք է քննության առարկա դառնա բողոքարկման ընթացակարգերով։ Պետք է ստուգման առարկա հանդիսանան նաև հնարավոր խտրականության դրսևորումները նրա մոտ, որովհետև այնքան շատ է Թովմասյանի նկատմամբ քաղաքական անհանդուրժողականությունը, որ խտրականության տարրը կա, թեև այդ մասին չի նշվում ոչ մի որոշման մեջ, բայց օդում այդ միտքը կա։ Դրանում առաջին հերթին մեղավոր են իշխանությունները, որոնք անզուսպ հայտարարություններ են արել»։

Հարցին, թե այդուհանդերձ ինչո՞ւ Հրայր Թովմասյանը հրաժարական չի տալիս, չի հեռանում ՍԴ նախագահի պաշտոնից՝ թողնելու «հեղափոխության վերջին բաստիոնը», ինչպես նշում են իշխանությունները, փաստաբանը պատասխանեց.

«Այդ հարցին առաջին հերթին կպատասխանի Թովմասյանը։ Բայց, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, մասնագետ, նա հասկանում է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքով։ Հեռանալն էլ պետք է լինի օրենքով»։

Հիշեցնենք՝ այսօր մի քանի ժամ շարունակ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ էին իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում։ Խուզարկության մասին որոշումը, ըստ որոշ աղբյուրների, կայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Խուզարկության ընթացքում Թովմասյանի պաշտպանները հայտարարեցին, որ քննիչները խուզարկություն իրականացնելու մասին որոշումը չեն տրամադրում իրենց, սակայն ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց՝ հերքելով փաստաբանների հայտարարությունը։

  • Կիսվել: