շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանն ուժի մեջ է թողել «Օրրան»-ի հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարության կասեցման որոշումը

Դատարանն ուժի մեջ է թողել «Օրրան»-ի հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարության կասեցման որոշումը

«Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարության կասեցման Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանների որոշումը բողոքարկվել էր կառուցապատողի կողմից։ Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդության վերացման հայցը և շինարարական աշխատանքների կասեցման որոշումը ուժի մեջ թողել մինչև վերջնական վճռի կայացումը, որը տեղի կունենա 2024թ․ հունիսին։

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ողջունելի է համարել, որ մինչև այժմ դատարանը պահպանել է անաչառությունը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ «Ֆեմիդան կույր է և օրենքի առաջ հավասար են բոլորը»: «Ես ուրախ եմ ոչ միայն «Օրրան»-ի հազարավոր շահառուների, այլ նաև մեր հանրապետության համար։ Ուզում եմ հուսալ, որ մենք վերջապես գիտակցում ենք, որ եթե աշխարհից արդարություն ենք ուզում, ապա պետք է սկսենք մեր տնից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հավակնի հայրենիքի իր անկյունը դարձնելու գեղեցիկ, հոգատար, ապահով և պայծառ՝ մեր երեխաների համար: Ակնկալում ենք, որ հենց այս արդար հիմքի վրա էլ դատարանը հունիսին վերջնական վճիռ կկայացնի»,- նշել է Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 11-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ահազանգել էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, իրականացվում է «Օրրան»-ից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

«Օրրան»-ը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, երեխաներին և միայնակ տարեցներին։

  • Կիսվել: