հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատախազության աշխատակիցը Ռազմիկ Աբրահամյանի հետ կապ չունի․ Գոռ Աբրահամյան

Դատախազության աշխատակիցը Ռազմիկ Աբրահամյանի հետ կապ չունի․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է 1in.am կայքում երեկ հրապարակված «101 երեխայի անհետացման դեպք, բոլորն էլ Հանրապետական ծննդատանը. ով է Ռազմիկ Աբրահամյանի՝ դատախազությունում աշխատող հանցակիցը» վերնագրված հոդվածին։

Ըստ նրա՝ շրջանառության մեջ է դրվել մի հորինվածք առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը ազգակցական կապ ունի Ռազմիկ Աբրահամյանի հետ, և նա ոչ ավել ոչ պակաս «վերևից հրահանգում է, թե ինչը ոնց անեն, ապահովում է իրավական մասը, որ ապահովագրեն իրենց»։

Գրառման մեջ, մասնավորապես ասվում է․ «

1in.am կայքում երեկ «101 երեխայի անհետացման դեպք, բոլորն էլ Հանրապետական ծննդատանը. ով է Ռազմիկ Աբրահամյանի՝ դատախազությունում աշխատող հանցակիցը» ակնհայտ սադրիչ բնույթ կրող վերնագրի ներքո նյութ է հրապարակվել, որտեղ քրեական գործով որպես տուժող անցնող Հայկուհի Խաչատրյանի կողմից արված մտացածին հայտարարությունների հիման վրա միտումնավոր կերպով փորձ է արվել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղսագրվող առերևույթ հանցավոր արարքներին ՀՀ գլխավոր դատախազության հանցակցության, ընդհուպ հովանավորության «համոզիչ» էֆեկտ ստեղծել։

Այդ նպատակով շրջանառության մեջ է դրվել մի հորինվածք առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը ազգակցական կապ ունի Ռազմիկ Աբրահամյանի հետ, և նա ոչ ավել ոչ պակաս «վերևից հրահանգում է, թե ինչը ոնց անեն, ապահովում է իրավական մասը, որ ապահովագրեն իրենց»։

Գրիգորի Պողոսյանը նշված անձի հետ որևէ ազգակցական կապ չունի և առհասարակ երբևէ որևէ առիթով նրա հետ չի հանդիպել։ Այս իմաստով նրա անունը վերոնշյալ առերևույթ հանցագործությունների հետ անհիմն կապելու փորձն ուղղակի պարզունակ զրպարտություն և հերյուրանք է, որի հեռահար նպատակը, ոչ միայն նշված դատախազի, այլ նաև ընդհանուր առմամբ դատախազության և գլխավոր դատախազի բարի համբավն արատավորելու՝ տևական ժամանակ տարբեր խմբակների կողմից իրականցվող բանբասանքի, զազրախոսությունների, կեղծիքի արշավի ջրաղացին ջուր լցնելու անթաքույց միտումն է, որտեղ 1in․am-ը, ցավոք, ստանձնել է «տեղեկատվական հովանավորի» սուրբ պարտականությունը։

Այս իմաստով չափազանց խոսուն է հանգամանքը, որ դատախազի և դատախազության հանցակցության մասին ոչ թե հաղորդում է ներկայացվում իրավապահ մարմիններին, ինչը ամենատրամաբանական քայլը պետք է լիներ ցանկացած իրեն հարգող և փաստերի տիրապետող քաղաքացու համար, այլ դարձվում է մանիպուլյատիվ հոդվածի առարկա՝ երեխաների հանցավոր ապօրինություններով ուղեկցված որդեգրման նուրբ թեմայի վրա լարախաղացությամբ զբաղվելու նպատակներով։

Թե որոնք են հրապարակման իրական մոտիվները, ովքեր են դրա թիկունքում վատ թաքնված շահագրգիռ շրջանակները, առավել քան պարզ է։ Պարզապես անդադար ապշեցնում է այն թեթևությունը և ցինիկությունը, որով հանուն ամենաստոր նպատակների, կարողանում են խաղալ մարդկային արժանապատվության, անվան ու հեղինակության հետ։

Հ․Գ․ Իսկ հրապարակման մեջ հիմնական «մեղադրողի» դերը ստանձնած կնոջը ընդամենը կարող եմ հորդորել՝ զգուշանալ իրեն հրամցվող գայթակղիչ խայծերը կուլ տալուց և այլոց ձեռքին կամա թե ակամա գործիքի վերածվելուց։

»

  • Կիսվել: