երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումների մասին գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։

Խորհուրդը գրություն է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին, որը ներկայացվում է ստորև:

Հարգելի պարոն Դավթյան

Սույն նամակով առաջարկում ենք քրեադատավարական կարգով քննության առնել ստորև ներկայացված հանգամանքները` պարզելու համար, թե արդյոք ստորև շարադրված հանգամանքներում առկա չէ հանցագործություն:

Մեր գնահատմամբ` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին (27.12.2019թ․թիվ ՀՕ-312) սահմանադրական օրենքի (այսուհետ՝ ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենք), ընդունման գործընթացում մի խումբ անձանց կողմից կատարվել են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը), 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 315-րդ (Պաշտոնեական անփութությունը) և 300-րդ (Իշխանությունը յուրացնելը) հոդվածներով:

Այսպես․

Մաս I.

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ., և այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ:

Պատգամավոր Ս.Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել և հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձևակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ) կամ որպես նոր փոփոխություն կամ լրացում (6-րդ ենթակետ): Այդ բանավոր առաջարկները որևէ հստակ ձևակերպում չեն ունեցել:

Եթե անգամ ընդունում ենք, որ այդ առաջարկություններն արվել են նախագծի որևէ մաս նոր խմբագրությամբ շարադրելու տեսքով, ապա դրանք վերաբերել են բացառապես Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածում ավելացվող նոր` 4.1-ին մասին

 

(տես ձայնագրությունը`

 
այնինչ՝ 3.12.2019թ. կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «լրամշակված» տարբերակում փոփոխություն է կատարվել նաև նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ ավելացված է նոր` 2-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ.
 

«2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում»:

Այդ լրացումը կատարվել է «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Կանոնակարգ) խախտմամբ և չէր կարող տեղ գտնել նախագծում, քանի որ այն կարող էր արվել միայն հանձնաժողովում համապատասխան առաջարկության և դրա ընդունման պարագայում:

 

Բացի այդ, Կառավարությունն իրավունք չուներ Ազգային ժողով ներկայացնել «լրամշակված» նախագիծ, քանի որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը նման նախագիծ կարող է ներկայացնել բացառապես Կանոնակարգի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, ինչն այս նախագծի քննարկման ժամանակ տեղի չի ունեցել:

Բացի այդ, Ազգային ժողովի խորհուրդն իր 02.12.2019թ. նիստում Ազգային ժողովի «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել մի նախագիծ, որն այլևս գոյություն չի ունեցել (http://www.parliament.am/drafts.php…):

 

Մաս II.

Պարզվել է, որ ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչև այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը։

Այսպես, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն․

 

Կառավարությունը գործում է սույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:
Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
«Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն․

Վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են արդարադատության, ֆինանսների նախարարների, այլ շահագրգիռ նախարարների, ինչպես նաև կառավարությանը և վարչապետին ենթակա շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ: Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների գործունեության ոլորտներին վերաբերող նախագծերը ներկայացվում են նաև նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի: Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

 

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի (Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0) նախագիծը Սահմանադրական դատարանի կարծիքին չի ներկայացվել։

 

Մաս III.

Արդյո՞ք պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա ՍԴ մասին թիվ ՀՕ-312  օրենքը կարող էր փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ

Ազգային ժողովի պաշտոնական կայքում` քննարկվող նախագծի պատմության բաժնում, թեպետ առաջարկների ամփոփաթերթ հատվածը դատարկ է, այնուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակի հետ համադրելիս, պարզ է դառնում, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում կատարվել են փոփոխություններ։ Թե ինչպես են կատարվել փոփոխությունները, պարզ է դառնում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի 10.12.2019թ. արտահերթ նիստի տեսաձայնագրությունը դիտելիս (https://www.youtube.com/watch?v=1PpEd_5EuzE):

Տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ պատգամավոր Վ․Հովակիմյանը կատարում է համապատասխան առաջարկություններ, հիմնական զեկուցողը և հարակից զեկուցողները ասում են, որ դրանք իրենց համար ընդունելի են, առարկություն չի լինում, և նախագիծը քվեարկության է դրվում համապատասխան փոփոխություններով։ Այնինչ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ»:

 

Պատգամավոր Վ․Հովակիմյանի կողմից կատարված առաջարկությունները չեն վերաբերել շրջանառության մեջ դրված, այսինքն` առաջին ընթերցման դրված նախագծի փոփոխված դրույթներին: Հետևաբար` այդ փոփոխությունները առաջարկվել են ոչ իրավասու սուբյեկտի կողմից, հետևաբար դրանք չէին կարող ընդհանրապես քննարկվել, ընդունվել և, օրենքի նախագիծն այդ տեսքով չէր կարող ներկայացվել երկրորդ ընթերցման։

 

Մաս IV

Արդյո՞ք հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել օրենքի նախագիծը միանգամից առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը

Ազգային ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի դեկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգըում ընդգրկել է պարտադիր քննարկման ենթակա հարցերը: Դրանց թվում են նաև 19-րդ կետով օրակարգում ընդգկրված հետևյալ երկու օրենքները` առաջին և երկրորդ ընթերցմամբ.

 

ա) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

 

Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

 

Կ-3781-15.11.2019-ՊԻ-011/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:
Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետևյալ բաժիններից.
1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:

 

«ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի համաձայն․

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:
Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետևյալ ընթացակարգով.
1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

 

2) առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.

 

4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

5) երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

6) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

Այս իրավակարգավորումներից ակնհայտ է, որ հերթական նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը չէին կարող ընդգրկվել միաժամանակ. քանի դեռ օրենքի նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ, դրա վերաբերյալ առաջարկություններ չեն կարող կատարվել, դրանք գլխադասային հանձնաժողովում չեն կարող քննարկվել, հետևաբար գլխադասային հանձնաժողովը չէր կարող որևէ եզրակացություն ներկայացրած լինել, ինչը նախապայման է տվյալ հարցը օրակարգ ընդգրկելու համար։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ «Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»: Օրակարգը հաստատելու պահին առկա չի եղել Ազգային ժողովի որոշում այլ ժամկետ սահմանելու վերաբերյալ։ Այն չէր էլ կարող առկա լինել, քանի որ Կանոնակարգի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ և 2.2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո»:

 

Օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն արտահերթ նիստերի օրակարգ: Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-6 մասերի համաձայն՝ «Արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:

 
  1. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ»:

Մաս V.

 

Փոխվել է ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի նախագիծն ուներ հետևյալ բովանդակությամբ դրույթ․

«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1.-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

Չգիտենք որտեղ` Ազգային ժողովում, թե Հանրապետության նախագահի նստավայրում, բարեբախտաբար, դեռ կան հայոց լեզվին տիրապետող մարդիկ, որոնք էլ, չունենալով դրա իրավունքը, այնուամենայնիվ սրբագրել են ՀՀ ԱԺ կողմից ընդունված վերոհիշյալ տեքստը: Արդյունքում` տեքստը դարձել է հայեցի, բայց այս դեպքում էլ, մեր համոզմամբ, ինչ-որ մեկը փաստացի յուրացրել է ԱԺ լիազորությունը՝ փոփոխություն կատարելով հիշյալ տեքստում:

 

Հանրապետության նախագահի կողմից ստորագրված օրենքի համապատասխան դրույթը հետևյալն է.

«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

 

Մաս VI.

 

Գործուղման մեկնած պատգամավորների կողմից ծրարներով քվեարկությունը

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 80 կողմ ձայն:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»:

Այս դրույթից հանգում ենք առնվազն երկու պարզագույն եզրահանգման․

 

Ծրարը պետք է թողնել մինչև գործուղման մեկնելը:
Պետք է մինչև պատգամավորների` գործուղման մեկնելն առկա լինի այն նախագիծը, որին նրանք կողմ, դեմ կամ ձեռնպահ են քվեարկում:
Համաձայն ԱԺ կայքում տեղադրված տեղեկատվության` երկրորդ ընթերցմանը ծրարներով քվեարկել են յոթ պատգամավորներ, որոնցից հինգը 2019թ. դեկտեմբերի 9-14-ը գտնվել են գործուղման մեջ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

ԱԺ կայքից տեղեկանում ենք նաև, որ երկրորդ ընթերցման նախագիծը Ազգային ժողովին է ներկայացվել դեկտեմբերի 11-ին՝ պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա, որն էականորեն տարբերվել է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից:

Հարց է առաջանում․ իսկ կարո՞ղ էին պատգամավորներն ավելի շուտ ծանոթանալ այն նախագծին, որը պարզապես գոյություն չի ունեցել:

 

Հետևաբար, այդ հինգ պատգամավորները կա΄մ ծրարները փոխանցել են ԱԺ-ին գործուղման մեջ գտնվելիս և ոչ թե գործուղման մեկնելուց առաջ, ինչպես պահանջվում է օրենքով, կա΄մ իրենք կողմ են քվեարկել մի նախագծի, որը կարող էին միայն երազում տեսած լինել:

Այսպիսով․

Ելնելով վերոգրյալից, ամփոփելով ներկայացված հանգամանքերը, գտնում ենք, որ ի թիվս Քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ արարքների, մի խումբ անձինք, ելնելով նեղ անձնական և քաղաքական շահերից, իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են ԱԺ կողմից Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով չընդունված օրենքի ապօրինի ընդունմանը` այդպիսով տիրանալով Ազգային ժողովի լիազորություններին:

Այսպիսով գտնում ենք, որ ներկայացված հանգամանքները հանդիսանում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործ հարուցելու հիմք:

  • Կիսվել: