երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ավտոգողություններ Արագածոտնի և Արմավիրի մարզերում. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Ավտոգողություններ Արագածոտնի և Արմավիրի մարզերում. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Վերջին օրերին Արագածոտնի և Արմավիրի մարզերի տարբեր բնակավայրերում արձանագրվեցին մեքենայի գողություններ, ընդ որում՝ թիրախը բացառապես «ՎԱԶ» մակնիշի մեքենաներն էին։

Այսպես, նոյեմբերի 28-ի գիշերը Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից գողացել էին «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա:
Դեկտեմբերի 8-ի գիշերը գաղտնի հափշտակել էին Երևան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ հատվածում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա և դրա կողքին կայանված, նույն տիրոջը պատկանող «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:
Դեկտեմբերի 9-ի գիշերը նույն եղանակով՝ երկաթյա դռան փականը սղոցով վնասելով, մտել էին Սիփան գյուղի երկու ավտոտնակ. մեկից գողացել էին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ տիրոջը պատճառելով մեկուկես միլիոն դրամի վնաս, մյուսից՝ տարել էին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցն ու նվագարկիչը։

Դեկտեմբերի 11-ի առավոտյան, ժամը 5.30-ի սահմաններում, Կարբի համայնքի սուպերմարկետի մոտից հափշտակել էին «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Դեկտեմբերի 13-ի գիշերը Զվարթնոց թաղամասի մի շենքի բակից հափշտակել էին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա:
Այս բոլոր փաստերի առթիվ Արագածոտնի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում նախաձեռնվել էին քրեական վարույթներ, իրականացվել համապատասխան գործողություններ։
Եվ ահա, դեկտեմբերի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ստացան օպերատիվ տեղեկություն։ Այն իրացնելիս հիմնավորվեց, որ վերոհիշյալ հափշտակությունները կատարել են Վանաձորի բնակիչ՝ 33-ամյա, Սպիտակի բնակիչ՝ 20-ամյա, Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ՝ 28-ամյա և Երևանի բնակիչ՝ 22-ամյա երիտասարդներ։

Պարզվեց նաև, որ նրանք գողացած մեքենաներից մեկը տեղափոխել էին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի ավտոլվացման կետի հարակից տարածք, ևս երկուսը թաքցրել էին նույն գյուղի գերեզմանատան մոտ և գյուղի վարչական տարածքի ձորակում, իսկ մի ավտոմեքենա էլ մասնատել էին, որի պահեստամասերը թաքցրել էին Բարձրաշենի Մաշտոցի փողոցի տներից մեկում:

Նույն օրը, ժամը 18.30-ին, ոստիկանության Արագածոտնի և Արմավիրի մարզային վարչությունների աշխատակիցների հետ համագործակցված միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքի ձորում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Արևաշողի 28-ամյա մի բնակիչ։ Րոպեներ անց նույն գյուղի Մաշտոցի փողոցում ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև վանաձորցին։
Երկուսն էլ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հարցաքննվել և ձերբակալվել են: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: