երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արթիկում խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնության մեղադրանքով 4 անձ է կալանավորվել

Արթիկում խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնության մեղադրանքով 4 անձ է կալանավորվել

Արթիկ քաղաքում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել, այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

«Նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ. Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկ քաղաքի 5 բնակիչներ խոչընդոտել են այդ գործողությանը և նշված անձին հեռացրել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտից: Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոստիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք», - մանրամասներ է փոխանցում Դատախազությունը:

Հաջորդ օրը, շարունակում է Դատախազությունը, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել միջադեպի մասնակից անձանցից Դ. Ի.-ն, ով ոստիկանության բաժնում համապատասխան դատավարական գործողությունների ժամանակ վիճաբանել է ոստիկանության բաժնի երկու աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, տվել
սպառնալիքներ, հարվածել ու կոտրել աշխատասենյակում դրված պահարանը, կոտրված
պահարանի մեջից վերցրել խոհանոցային դանակը և հարձակվել ոստիկաններից մեկի
վրա՝ փորձելով հարվածել վերջինիս: Սակայն աշխատասենյակում գտնվող, ինչպես
նաև առաջացած աղմուկի պատճառով ներս մտած այլ աշխատակիցների կողմից դա
կանխվել է: Ապա վատ զգալու պատրվակով նա դուրս է եկել աշխատասենյակից և ոստիկանության Արթիկի բաժնում գտնվող մորեղբայրների հետ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, խանգարելով բաժնի բնականոն աշխատանքային ընթացքը, հեռացել է:

Նշված դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նոյեմբերի 20-ին Կ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով», իսկ Դ. Ի.-ին և նրա մորեղբայրներ հանդիսացող Ս. Ու.-ին և Ե. Ու.-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «խուլիգանությունը» և «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով», և 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»։

Շիրակի մարզի դատախազի ցուցումով վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու բոլոր 4 միջնորդությունները դատարանը բավարարել է։


Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: