շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արդարադատության նախարարի տեղակալը ԵԽ կազմակերպած քննարկմանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալը ԵԽ կազմակերպած քննարկմանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է «Դատական գործերի քննության և հարկադիր կատարման ողջամիտ ժամկետների, դատական ակտերի ուշ կատարման և չկատարման հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ» կլոր սեղան-քննարկմանը:

Լևոն Բալյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և կատարման ապահովումը ոչ միայն արդար դատաքննության իրավունքի երաշխավորման և դատական համակարգի գործունեության արդյունավետության կարևորագույն ցուցիչ է, այլև դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունն ապահովող գործոն:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ ու հաջողված համագործակցության համար, նաև Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ պարոն Մաթյո Շարդոնին՝ կլոր սեղան-քննարկմանը և կատարողական վարույթի վերաբերյալ նոր օրենսդրության՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման համատեքստում իր արժեքավոր ներդրման համար:

Քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը՝ ներկայացնելով քննության ողջամիտ ժամկետի երաշխավորման նպատակով կատարված և ընթացիկ օրենսդրական փոփոխությունները, դատական գործերի քննության և կատարողական վարույթի ողջամիտ ժամկետի խախտմամբ պատճառված վնասի փոխհատուցման գործիքակազմը, առկա և նախատեսվող կարգավորումները, օրենդրության և պրակտիկայի կատարելագործման ուղիները:

Քննարկվել են նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի՝ հարկադիր կատարման ողջամիտ ժամկետների ապահովմանն ուղղված նորմերը, ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային համակարգի առանցքային գործիքները: Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետի կողմից ներկայացվել են վերաբերելի եվրոպական չափանիշները, ՄԻԵԴ ոլորտային հիմնական վճիռները և Հայաստանում գործերի քննության և հարկադիր կատարման ողջամիտ ժամկետների՝ գործնականում երաշխավորման համար անհրաժեշտ քայլերը:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում:

  • Կիսվել: