երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արա Վարդանյանը կմնա կալանավորված

Արա Վարդանյանը կմնա կալանավորված

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կշարունակի մնալ կալանքի տակ: 

«Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի ու երեք ամիս լինելով մեղադրյալի կարգավիճակում որևէ կերպ չի խախատել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի որևէ պայման։

Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ Արա Վարդանյանի ու հիմնադրամի նկատմամբ կա «հատուկ» ուշադրություն իշխանության կողմից, հակառակ պարագայում նման որոշումներն ուղղակի բացառված էին։

Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Արա Վարդանյանը հետապնդվում ու փաստացի պատժի է ենթարկվում իր քաղաքական ու հասարակական գործունեության համար միայն։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, քրեական հետապնդումների շղարշով իրականացվող ցանկացած քաղաքական գործընթաց հակապետական է», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում Վարոսյանն ասաց, որ Վարդանյանին կալանավորելու որոշումը «քաղաքական իշխանության բիրտ հրահանգի» արդյունք է:

Նշենք, որ Արա Վարդանյանին մեղադրանքն առաջադրվել է յուրացման և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները անձնական նպատակներով օգտագհործելու համար: Նա կալանավորվել էր հոկտեմբերի 10-ին:

  • Կիսվել: