շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը մտավախություն չունի, որ հաջորդ մեղադրանքն իրեն կարող է առաջադրվել

Անահիտ Ավանեսյանը մտավախություն չունի, որ հաջորդ մեղադրանքն իրեն կարող է առաջադրվել

Մհեր Բիշարյանի պաշտոնավարումը կասեցված է, ուրախ եմ, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի միջնորդությունը չբավարարել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրերս ձերբակալվել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը:

«Պարոն Բիշարյանը երբեք չի խուսափել որեւէ հարցաքննությունից կամ քննության ընթացքից»,-ասաց նա:

Հարցին, թե այդ ենթադրյալ չարաշահումը իր պաշտոնավարման ընթացքում է եղել, թե՞ նախորդ նախարարի, Ավանեսյանը պատասխանեց. «Ես 2018-ից փոխնախարարի պաշտոնն եմ զբաղեցրել: Այո, այդ ժամանակ ես եղել եմ նախարարի տեղակալ»:

Նախարարը հայտնեց, որ իրավապահներն իրեն որեւէ հարցով չեն դիմել:

Ինչ վերաբերում է նրան, որ նախկին նախարար ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն այդ գործը համարել է անհիմն եւ անվանել դատախազության փչած հերթական փուչիկը, Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այն, ինչ ես տեսել եմ որոշման մեջ, ինձ եւս գործի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ չեն հանդիսանում: Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ներկայացված փաստերն ու հիմնավորումները ինձ լուրջ չթվացին»:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ հաջորդ փուլում կարող են նաեւ ձեզ հետ կապված գործընթացներ սկսվեն, նախարարը պատասխանեց. «Ես որեւէ մտավախություն, մտահոգություն չունեմ, վստահ եմ՝ չեմ էլ ունենալու: Բացարձակ մտահոգություն չունեմ, որ սլաքները կարող են ուղղվել դեպի ինձ»:

 

  • Կիսվել: