երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԱԾ-ն բացահայտել է Երևանը ղեկավարող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է Երևանը ղեկավարող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների դեմ ուղղված անզիջում պայքարը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք:

Ինչպես InfoPort.am-ին  հայտնեցին ԱԱԾ-ից,  փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երեւան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաեւ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաեւ կառուցվող շենքում Երեւանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Երևանը 2009 թվականին ղեկավարել են երկու քաղաքապետ է՝ տարեսկզբին Երվանդ Զախարյանը, ապա նույն տարվա ապրիլից այդ պաշտոնին է նշանակվել Գագիկ Բեգլարյանը։ Թե երկուսից ում մասին է տվյալ դեպքում խոսք գնում պարզ չէ։ Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ անցնում են տարբեր քրեական գործերով։     

 

  • Կիսվել: