երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ժամանակ»․ Անվտանգության ո՞ր համակարգի շրջանակում է Ռուսաստանը Հայաստանում իր ռազմակայանը դիտարկում որպես կայունության գրավական

«Ժամանակ»․ Անվտանգության ո՞ր համակարգի շրջանակում է Ռուսաստանը Հայաստանում իր ռազմակայանը դիտարկում որպես կայունության գրավական

«Ժամանակ» թերթը գրում է․ «Ռուսաստանը ծրագրում է ավելացնել Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի ներուժը, Երևանում տարեվերջյան ասուլիսում հայտարարել է Հայաստանում այդ երկրի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հայաստանում ռուսական ռազմակայանի հարվածային ներուժը կրկնապատկելու մտադրության մասին Երևանում հայտարարվեց նաև ամիսներ առաջ, երբ այցելել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ո՞ւմ են ուղղված այդօրինակ հայտարարությունները, որ անում է Մոսկվան: Ո՞ւմ դեմ կամ ինչի՞ համար է Ռուսաստանը մեծացնում իր ռազմակայանի կրակային կարողությունը: Մոսկվան մի շարք առիթներով հայտարարել է, որ ռազմակայանը ունի ռեգիոնալ անվտանգության ապահովման նշանակություն: Դա, իհարկե, այդպես է, ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ ընդհանրական հայտարարությունը կարող է մեկնաբանվել ամենատարբեր կերպ, սկսած այն հանգամանքից, թե ինչ է ռեգիոնալ անվտանգությունն ընդհանրապես: Եվ այստեղ դա իրապես խորքային, հիմնարար հարցն է՝ հասկանալու համար թե՛ ռազմակայանի, թե՛ դրա հզորությունն ավելացնելու մասին հայտարարությունների էությունն ու քաղաքական ուղղվածությունը:

Բանն այն է, որ ռեգիոնալ անվտանգությունը բնականաբար հենվում է անվտանգության համակարգի վրա: Կովկասում այդ առումով կա երկու իրողություն: Անվտանգության համակարգ, որը փաստացի ձևավորվել է Արցախում հայկական հաղթանակով, և անվտանգության համակարգ, որը արձանագրված է 98 տարի առաջ Մոսկվայում կնքված, հետո Կարսում վերահաստատված ռուս-թուրքական պայմանագրերով, որոնցում Հայաստան դե ֆակտո գոյություն չունի: Այդպիսով, առաջանում է բավականին պարզ մի հարց՝ անվտանգության ո՞ր համակարգի շրջանակում է Ռուսաստանը Հայաստանում իր ռազմակայանը դիտարկում որպես կայունության գրավական՝ Արցախի հայկական հաղթանակի՞, թե՞ ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: