կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարդենիսի համայնքապետը ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Եվրոպայի բյուրոյի տարածաշրջանային գրասենյակի պաշտոնյաների հետ քննարկել է մի շարք հարցեր

Վարդենիսի համայնքապետը ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Եվրոպայի բյուրոյի տարածաշրջանային գրասենյակի պաշտոնյաների հետ քննարկել է մի շարք հարցեր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է  Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության  Եվրոպայի բյուրոյի տարածաշրջանային գրասենյակի գործառնությունների ավագ համակարգող Ֆիլիպ Ռոսիին, ծրագրերի ավագ համակարգող Աննե-Քրիստեն Գարբե-Մորլանգին, մարդկային ռեսուրսների ավագ մասնագետ Միմոզա Կոպացիին և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի աշխատակիցներ Նագվան Սոլիմանին և Մարինե Անտոնյանին։

Ինչպես տեղեկացանք Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից՝ հանդիպման ընթացքում  քննարկվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների խնդիրները, իրականացված և առաջիկա աջակցման ծրագրերը և հետագա համագործակցության կարևորությունը։

Ողջունելով հյուրերին՝ Ահարոն Խաչատրյանն իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ ՓԳՀ-ին՝ Վարդենիս համայնքում բնակություն հաստատած ընտանիքներին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, որն արտահայտվել է առաջնային անհրաժեշտության պարագաների բաշխման,  աջակցության զանազան ծրագրերի իրականացման, իրազեկման միջոցառումների կազմակերպման և իրավաբանական խորհրդատվությունների մատուցման ձևերով։

Համայնքի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Վարդենիսի համայնքապետարանին անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու համար։

Հանդիպման ընթացքում Ահարոն Խաչատրյանը ներկայացրել է  տեղահանված ընտանիքների կարիքներն ու խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համայնքի կողմից իրականացված աշխատանքները։

Քննարկվել են  նաև տեղահանված ընտանիքներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման,  ընդունող համայնքներում կացարանով և աշխատանքով ապահովելու անհրաժեշտության, պետական սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիության ապահովման ու  պատշաճ փաստաթղթավորման հետ կապված թեմաներ:

«Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին՝ շարունակել ու ընդլայնել արդյունավետ համագործակցությունը՝ մարդասիրական գործողությունները դարձնելով ավելի համապարփակ և թիրախային»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

  • Կիսվել: