երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուժային կառույցներում պետք է գործի հակակշիռների մեխանիզմը. Տիգրան Կարապետյան

Ուժային կառույցներում պետք է գործի հակակշիռների մեխանիզմը. Տիգրան Կարապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը անդրադարձել է Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ սոցցանցերում բուռն քննադատությանը:

«Այսօր սոցցանցերը բուռն քննարկում են ԱԺ ում առաջին ընթերցում անցած օրենքի նախագիծը, ոստիկանությանը ինքնուրույն, դատարանի որոշմամբ, բոլոր ընթացակարգերը պահելով գաղտնալսման հնարավորություն տալու մասին և առանց բովանդակությանը ծանոթանալու մեղադրանքների տարափ է թափվում: Նախ պետք է փաստենք, որ ոստիկանությունը առանց այս օրենքի էլ ունի գաղտնալսելու իրավունք, կա համապատասխան ստորաբաժանում և մասնագետներ: Ոստիկանությունը լինելով հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման առաջնային մարմին ուղղակի չի կարող չունենալ տեխնիկական այսպիսի հնարավորություն: Ոստիկանությունը օրենքով ունի իրավասություն հատուկ դեպքերում առանց դատարանի որոշման կատարելու գաղտնալսում և այս դեպքում անհասկանալի է ԱԱԾ ից թույլտվություն ստանալու դրույթը: Ուժային կառույցներում պետք է գործի հակակշիռների մեխանիզմը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:

Նշենք, որ օրինագծի հեղինակները «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանն են: Նրանք առաջարկում են ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար:

Ակնկալվում է, որ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

  • Կիսվել: