շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուրախ եմ, որ ակտիվ քննարկում է ծավալվել. Մնացականյանն անդրադարձավ BBC-ին տված իր աղմկահարույց հարցազրույցին

Ուրախ եմ, որ ակտիվ քննարկում է ծավալվել. Մնացականյանն անդրադարձավ BBC-ին տված իր աղմկահարույց հարցազրույցին

Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը Հայաստանում բավական ակտիվ քննարկում է ծավալել: Այս մասին այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում բազմակարծություն է, գոյություն ունի քննադատություն, գոյություն ունի նաև աջակցություն»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարը մանրամասնեց. «Շատ օգտակար էր ինձ համար քննադատական կարծիքներ լսելը: Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է, և ի ցույց է դնում այն ամենը, ինչը մենք պնդում ենք՝ բազմակարծությունը, ժողովրդավարական հիմքերի առկայությունը, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդումը: Իմ խնդիրը եղել է մաքսիմալ սփռել այն, ինչն առաջնային է մեզ համար»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը չբարձրաձայնելուն, ԱԳՆ ղեկավարը պարզաբանեց. «Հուսով եմ, որ բոլորն են կիսում այն դիրքորոշումը, որը արտահայտվել է նաև ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևոր բանը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի ժողովրդի կարգավիճակը: Կարծես, մենք բազմիցս սրա մասին խոսել ենք և արտահայտել ենք բոլոր հարթակներում, ներառյալ՝ այս ոճի ծրագրում»:

Հիշեցնենք, որ օրերս BBC-ի Hard Talk հաղորդաշարին Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բուռն արձագանք գտավ ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական գործիչների շրջանում: Քննադատները Մնացականյանին հատկապես մեղադրում էին նրանում, որ նա չի հակադարձել լրագրողի այն պնդմանը, որ Արցախը հայկական չէ:

 

   

 

  • Կիսվել: