երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տիգրան Ուրիխանյանը, Վահրամ Մկրտչյանն ու Արման Վարդանյանը «Սոցիալական շարժում» են ձևավորել

Տիգրան Ուրիխանյանը, Վահրամ Մկրտչյանն ու Արման Վարդանյանը «Սոցիալական շարժում» են ձևավորել

ԲՀԿ-ից վերջերս հեռացած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և կրթության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և  «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը միավորվել և «սոցիալական շարժում» են ձևավորել։ Այս մասին մենք տեղեկացանք եռյակի անդամներից Վահրամ Մկրտչյանից։ Նրանց հետ է նաև Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը, աղանդների դեմ պայքարող  Ալեքսանդր Ամարյանը, ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը, Սևակ Վարդանյանը, որը հասարակական ոլորտի ներկայացուցիչ է, նաև այլ ակտիվ դեմքեր։ «Սոցիալական շարժումը» սույն թվականի փետրվարի 29-ին Մելիք Ադամյան 1 հասցեում՝ կառավարության ընդունելությունների դահլիճում, կանցկացնի իր երկրորդ համաժողովը, որտեղ կխոսեն իրենց հետագա անելիքների մասին։

Վահրամ Մկրտչյանը Hraparak.am-ին ասաց՝ քանի որ Հայաստանում արհմիություններն այդքան էլ զարգացած չեն, իրենք ուզում են այս շարժմամբ վեր հանեն քաղաքացիների սոցիալական, աշխատանքային խնդիրները և լուծումներ պարտադրեն կառավարությանը։

«Սոցիալական շարժման նպատակն այն է, որ դրանով ուզում ենք Հայաստանում գոյություն ունեցող բոլոր սոցիալական խնդիրները վեր հանենք, ներկայացնենք կառավարությանը, լուծումներ առաջարկենք, եթե այդ լուծումները կառավարությունն ի վիճակի լինի, բայց չապահովի, ապա այդ լուծումները նրանց նաև պարտադրենք՝ բազմանդամ հավաքներով, պիկետներով և անհնազանդություններով, եթե կառավարությունը այլևայլ նպատակներով չուզենա լուծել էդ հարցը»,-ասաց պարոն Մկրտչյանը։

Այսինքն՝ հնարավոր է, որ ճանապա՞րհ էլ փակեն, Մկրտչյանը չբացառեց։ Նա նաև նշեց, որ մոտ հազար մարդ նշմարվում է, որ իրենց կմիանա այս փուլում, այդ թվում՝ սևազգեստ մայրերն էլ միացել են իրենց շարժմանը, բալային համակարգից դժգոհ վարորդները։

Հարցրինք նաև՝ քաղաքական նպատակ հետապնդո՞ւմ է իրենց շարժումը, հնարավո՞ր է, որ այս սոցիալական շարժումը վաղը քաղաքական շարժման վերածվի, Մկրտչյանն ասաց․ «Էս պահին քաղաքական օրակարգ չկա, դա կախված կլինի իշխանության և սոցիալական խմբերի շահերի հակադրության արդյունքում։ Եթե խնդիրները անտեսվեն, կամա թե ակամա արդեն կքաղաքականանա»։

  • Կիսվել: