կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար

Կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում որոշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար։

«Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը մեր Կառավարության առաջնահերթություններից է՝ հաշվի առնելով, որ տարբեր մարմիններ զբաղվել են հակակոռուպցիոն բացահայտման աշխատանքներով: Հիմա մենք ստեղծում ենք միասնական մեկ մարմին, և ես վստահ եմ, որ ստեղծվող մարմինն այդ աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»,- ասաց Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Սասուն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ  կառույցը, ըստ էության, լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործառույթներ, և, ինչ խոսք, մասնագիտացումը բերելու է արդյունավետության բարձրացմանը։

Նրա խոսքով՝ նորաստեղծ կառույցը կսկսի գործել մեկ ամիս անց:

«20 քննիչ կնշանակվեն, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում՝ օպերատիվ ստորաբաժանումը կսկսի գործել եկող տարվա սկզբից: Նաև՝ եկող տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել տարածքային մարմիններ, որից հետո կարող ենք ասել, որ կառույցը ձևավորվել է ամբողջությամբ ու կսկսի գործել ողջ թափով: Համոզված եմ՝ կոռուպցիոն հանցագործությունների թե բացահայտման, թե քննության արդյունավետությունը կբարձրանա»,- ասաց Խաչատրյանը։

 
 

  • Կիսվել: