Պետական սահմանից ավելի հուսալի անվտանգության ապահովման իրավաքաղաքական պայման պարզապես գոյություն չունի. Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձավ սահմանազատման գործընթացին:
Նա, մասնավորապես, ասաց. «Ասում են՝ Տավուշում սպասում են Ձեզ: Ես Ոսկեպար գյուղում և Կիրանց գյուղում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել, մի քանի անգամ եմ եղել՝ պաշտոնապես էլ, ոչ պաշտոնապես էլ: Այն, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս ընթացքում այդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել: Սա ստենդա՞փ է, ես չեմ հասկանում:
Սահմանազատման հետ կապված «Հայաստան» խմբակցությունն ասում է, որ սահմանազատումը պետք է արվի Խորհրդային քարտեզներով և հետո ինձ մեղադրում է, որ ես ասել եմ՝ ինչ-որ տարածքներ ադրբեջանական են, ձեռքով ցույց եմ տվել, ասել եմ՝ այս տարածքներն ադրբեջանական են: Ես այդպիսի բան չեմ ասել: Ես ասում եմ՝ ՀԽՍՀ կազմում, այսինքն՝ այն քարտեզներից ներս, որով Դուք ասում եք, որ պետք է արվի սահմանագծում, երբեք չեն եղել գյուղեր, որոնց անունները բարձրաձայնում է Ադրբեջանը»:
Վարչապետի խոսքով՝ Հայկական ԽՍՀՄ կազմում երբեք չեն եղել Բաղանիս-Այրում, Աշաղա-Ասկիպարա, Խեյրիմլի և Կըզլ-Հաջիլի գյուղեր:
«Եվ այնպիսի տպավորություն է, ասում են՝ Տավուշի մարզի չորս գյուղերն ուզում են հանձնել: Ես էլ ասում եմ՝ եթե Տավուշի մարզում այդպիսի գյուղ կա, կներեք, ես չեմ իմացել, իրենց վարչական շրջանի ղեկավարներին էլ հրավիրեք՝ գան մեզ հետ հանդիպման: Բնակչությանը հրավիրեք՝ գան մեզ հետ հանդիպման: Եվ ես համաձայն եմ, այստեղ շատ դիպուկ, չեմ հիշում ով ասաց՝ սա չորս գյուղի հարց չէ, սա Հայաստանի հարց է: Այո, սա Հայաստանի Հանրապետության հարց է: Դիպուկ 10-ին եք խփել՝ Հայաստանի Հանրապետության հարց է: Իսկ ինչու՞ եք ասում՝ չորս գյուղի հա՜րցը, չորս գյուղի հա՜րցը, մենք չորս գյուղի հարց չենք լուծում: Մենք Հայաստանի Հանրապետության հարց ենք լուծում: Եվ այդ հարցի լուծման էությունը հետևյալն է՝ մենք ասում ենք, որ այդտեղ ուզում ենք ունենալ սահման, որ ասում են՝ ենթադրենք՝ իսկ Հայաստանն ի՞նչ է ստանալու: Հայաստանը ստանալու է սահման: Շատ ճիշտ բան ասաց ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, որ անվտանգության ապահովման քաղաքական, ռազմաքաղաքական և դիվանագիտական պայմաններ պետք է լինեն: Իսկ այդպիսի պայման է պետական սահմանը:
Պետական սահմանից ավելի հուսալի անվտանգության ապահովման իրավաքաղաքական պայման պարզապես գոյություն չունի: Մենք այնտեղ գնում ենք սահմանազատման, և իմիջիայլոց, նորից եմ ասում` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ճշգրիտ տարածքի վրա է Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել։ Եվ այդ տարածքը որևէ մեկը չի կարող վիճարկել։ Բայց նաև սա պետք է հասկանանք, որ պրոցես է, և այդ պրոցեսը հնարավոր չէ մի գործողությամբ անել»,-նշեց Փաշինյանը: