երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս-հայկական հարաբերությունները եղբայրական են, դաշնակցային և հսկայական պոտենցիալ ունեցող. Զախարովա

Ռուս-հայկական հարաբերությունները եղբայրական են, դաշնակցային և հսկայական պոտենցիալ ունեցող. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովն հայկական ժամանակին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Նա պատասխանել է այն հարցին, թե ինչու՛ են այս օրերին սովորականից ավելի բուռն քննարկվում հայ-ռուսական հարաբերությունները: Զախարովան վստահեցրել է, որ ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը բարձր և ամենաբարձր մակարդակում կրում է ինտենսիվ բնույթ, ինչպես որ եղել է անցյալում:

Նա, մասնավորապես, ասել է.

«ԶԼՄ-ների հետաքրքրությունը հիշյալ թեմայի նկատմամբ հասկանալի է: Ռուսական կողմը բազմիցս մեկնաբանել է այդ հարցը: Նույնատիպ հարցադրումներ արվել են նաև Սերգեյ Լավրովին՝  նրա Երևան կատարած վերջին՝ նոյեմբերյան այցի ժամանակ: Պարոն Լավրովը շատ հստակ ընդգծեց մեր մոտեցումը, այն է՝ Հայաստանում կատարված փոփոխությունները չեն խանգարել երկկողմ հարաբերությունների հաջորդականության պահպանմանը և բոլոր ուղղություններով դաշնակցային ու գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը:

Ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը բարձր և ամենաբարձր մակարդակում կրում է ինտենսիվ բնույթ, ինչպես որ եղել է անցյալում: 2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս անգամ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Մինչև տարեվերջ ևս կլինեն շփումներ:

Ռուսաստանը արտաքին առևտրի և ներդրումների ոլորտում մնում է որպես ամենախոշոր գործընկերը Հայաստանի համար: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային ներդրումային նախագծեր Էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում:

Արդյունավետ է զարգանում մեր համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաև տարատեսակ միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Մենք հանրապետությանը ցուցաբերում ենք հումանիտար օգնություն, որն ուղղված է սոցիալական ծրագրերի առաջխաղացմանը մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Շարունակվում է փոխգործակցությունը միջգերատեսչական մակարդակներում, փոխանակումները՝ մշակութային, հումանիտար, գիտության և կրթության ոլորտներում, արդյունավետ համագործակցությունը խորհրդարանական ներկայացուցչությունների միջև: Դինամիկ զարգանում են կապերը ռեգիոնների միջև, որտեղ ներգրավված է ՌԴ մոտ 70 սուբյեկտ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների և ԶԼՄ-ների հետ կապերը նույնպես չեն թուլանում: Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունները կարող են բնութագրվել որպես եղբայրական, դաշնակցային և հսկայական պոտենցիալ ունեցող»:

  • Կիսվել: