երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանին առնչվող հերթական գործը Վերաքննիչում կքննի նախկին նախագահին կալանավորած դատավորը

Ռոբերտ Քոչարյանին առնչվող հերթական գործը Վերաքննիչում կքննի նախկին նախագահին կալանավորած դատավորը

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի անցած հունիսին Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արմեն Դանիելյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել է` տարեվերջին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշել է բավարարել փաստաբանի բողոքը:

Խուդոյանը բողոք էր ներկայացրել դատարան` խնդրելով իրենց տրամադրել Մարտի 1-ի բուն գործի` մինչ Քոչարյանի և մյուսների գործի դատարան մտնելը ժամանակահատվածի բոլոր նյութերը, ինչը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր: Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ գործի նյութերն ամբողջությամբ չտրամադրելով մեղադրյալին՝ խախտվել են նրա իրավունքները, և քննիչին պարտավորեցրել է գործի բոլոր նյութերը տրամադրել պաշտպանական կողմին:

Առաջին ատյանի դատարանի այս որոշումը գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

  • Կիսվել: