Քաղաքապետին ստեղից էնտեղ գնա ասողների ժամանակը պրծել է. Փաշինյանը՝ շեյխերի ու Մարությանի հանդիպման մասին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արաբ շեյխերի և քաղաքապետի հանդիպմանը՝ ասելով. «Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրելու, որ նա զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի»:
Ըստ վարչապետի՝ եթե նրանք իսկապես շեյխի ներկայացուցիչ էին, կարող էին դեսպանատան միջոցով դիմել իրենց: Նա ասաց. «Այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ եւ ասել է, որ խոշոր ներդրողներ են, ես Երեւանի քաղաքապետին զանգել եմ, եւ նա կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են: Երեւանի քաղաքապետը արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաեւ իմ զանգը, ընդունել է՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ:
Նախ, շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երեւանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով եւ մայկաներով: Սա, կարծում եմ, վերաբերմունք է պետական ինստիտուտին»:
Փաշինյանն ասաց նաեւ, որ նրանք ասել են՝ Երեւանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար. «Երեւանի քաղաքապետարանն ասել է, որ ցավոք, ձեր նշած տարածքներում հող Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա: մասնավորը գուցե ունենա, պետք է գնել:
Հընթացս, երեք հյուրերն էլ, պարզվել է, հեռախոս են ունեցել մոտները եւ զանգ են ստացել: Երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել այդ հնարավորությունները, սկզբից մեկն է սկսել հեռախոսով խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել խոսքը, սպասել, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել: Բայց երբ որ երրորդին էլ է զանգ եկել, քաղաքապետն ասել է, որ ենթադրում է, որ այդ խոսակցությունն այլեւս հետաքրքիր չէ իրենց»: