երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերին խորհուրդ եմ տալիս ինձ չներքաշել քաղաքական խաղերի մեջ․ Արամ Վարդանյան (Վստրեչի ապեր)

Քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերին խորհուրդ եմ տալիս ինձ չներքաշել քաղաքական խաղերի մեջ․ Արամ Վարդանյան (Վստրեչի ապեր)

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր):

«Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում մի նյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են տարբեր անուններ, Հայաստանի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկելու ինչ-որ գործընթաց։

Զարմանալիորեն այդ նյութի մեջ նշում կա նաեւ իմ անձի մասին։

Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իմ հետաքրքրության շրջանակների մեջ, եթե ցանկություն ունենայի զբաղվել քաղաքականությամբ դա կանեի հրապարակային, առանց ստվերային խարդավանքների։

Քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերին, այսօր եւ ապագայում, խորհուրդ եմ տալիս չփորձել ինձ ներքշել եւ շահարկել իմ անունը ձեր քաղաքական խաղերի մեջ։

Իսկ այն անձանց, ովքեր իրենց առօրյա անձնական շահերից ելնելով իմ անվան հետ կապված ստեր են հորինում ու իրենց ղեկավարներին հրամցնում, զգուշացնում եմ` միշտ հիշեք, որ վաղ թե ուշ իրականությունը պարզվում է, ամոթով է մնում ու տուժում է սուտը հնարողն ու տարածողը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի հրապարակման համաձայն՝ իրենց ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Ընդ որում, ըստ հրապարակման, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից: 

 

  • Կիսվել: