Պուտինի Երեւան կատարելիք այցից առաջ կպահանջվեն հայկական կողմի երաշխիքները. Պեսկով
Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխողության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմ։ Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը Երևանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերի 14-ին։ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վստահեցրել է, որ իր լիազորությունները թույլ չեն տալիս երկրի տարածքում կալանքի որոշում կայացնել։