երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Պատերին ծեփելու բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության մասին. Քոչարյան

Պատերին ծեփելու բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության մասին. Քոչարյան

«Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին»,- այս մասին «Հրապարակի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ձերբակալվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով՝ Մարտի մեկի գործի շրջանակում:

Քոչարյանն ասել է. «Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած Նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաները արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքերից, չի կարող ստեղծարար լինել: Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես»:

  • Կիսվել: