երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Վարչապետը դրամական պարգև խոստացավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն գտնողին

Վարչապետը դրամական պարգև խոստացավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն գտնողին

Ըստ էության եռակողմ հայտարարության 2 կողմերը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, ցույց են տվել, որ փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։

«Այն գործողությունները, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, ընդ որում ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ, վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթը այլևս չկա, երրորդ կողմի համար այս փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ»,- նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանից ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մենք հասանք նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից, ոչ մեկը չկա գրված, տենց բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ բանական է, ուրիշ ով պետք է ապահովի»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանը արդեն 3 տարի Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

«Ով, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Ցավոք այդ պարգևը ոչ ոք չի կարող ստանալ, քանի որ այդպիսի հայտարարություն եռակողմ հայտարարության մեջ չկա»,- ասաց նա:

  • Կիսվել: