շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների պաշտոնները չքաղաքականացնելու համար Փաշինյանը «միանգամայն կոնկրետ պատճառ» նշեց

Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների պաշտոնները չքաղաքականացնելու համար Փաշինյանը «միանգամայն կոնկրետ պատճառ» նշեց

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին՝ կապված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Ոստիկանության պետի պաշտոնների քաղաքականացման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծի հետ:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Մենք հասկանում ենք մեր գործընկերների առաջարկությունը, եւ անգամ առաջին ընթերցմամբ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկել, բայց քննարկումների փուլում մենք բախվել ենք կոնկրետ խնդրի»։

Ըստ վարչապետի՝ խնդիրն այս համակարգում այն է, որ կառավարությունը կա՛մ ստիպված է ընդհատել ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների զինվորական կարիերան այն դեպքերում, երբ նրանք դառնում են ոստիկանության ու ԱԱԾ պետերի տեղակալներ կամ պետեր, կա՛մ, երբ կառավարությունում պետք է շնորհեն գնդապետի կամ գեներալի կոչում ոստիկանության պետին ու նրա տեղակալին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այս ամենը միանգամայն կոնկրետ պատճառ է:

Վարչապետն ասաց, որ, ամեն դեպքում, իրենք կիսում են մտահոգությունները եւ համաձայն են աշխատել, որպեսզի «առանց որեւէ դեֆորմացիայի» լուծում գտնվի:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօրվա նիստին երկրորդ ընթարցմամբ՝ 89 դեմ, 19 կողմ քվեներով, մերժեց ԱԱԾ տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագիծը:

 

 

  • Կիսվել: