երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել

Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել

Այսօր Բրյուսելում հանդիպել են ՀՀարտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Այնուհետև՝ հանդիպումից հետո, նրանք հանդես են եկել ճեպազրույցով: 

«Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ, պարոն Միրզոյան: Սա Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի հինգերորդ նիստն է: Մենք այսօր հստակ վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղով: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Սակայն այս համաձայնագրի ամբողջ ներուժը դեռևս իրացված չէ»,- ասել է Բորելը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական Միությանը, Բորելը նշել է, որ որոշում է կայացվել աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ: Նրա խոսքով՝ կա երկկողմ հետաքրքրվածություն, և այժմ այդ տեսլականի կյանքի կոչման համար հստակ ճանապարհային քարտեզ է հարկավոր:

«Մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության սկզբունքներն անցնող տարի շարունակեցին ամրապնդել մեր համագործակցությունը: Ես ողջունում եմ արդարադատության որոլտի բարեփոխման ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարը և կոչ եմ անում Հայաստանին շարունակել քայլերը խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում»,- ասել է Բորելը:

Նա շնորհավորել է Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալու համար՝ դա որակելով որպես կարևոր և խիզախ որոշում:

Բորելը հայտնել է, որ քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հնարավոր ուղիները: Նա կոչ է արել Հայաստանին շարունակել բարեփոխումները՝ այս ուղղությամբ ևս առաջընթաց ապահովելու համար:

Բարձր հանձնակատարի խոսքով՝ անդրադարձ է եղել առևտրի, էներգետիկայի, հաղորդակցության, ավիացիայի, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի շահագործման և այլ հարցերին:

«Ես վերահաստատում եմ ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մասնակցությանը Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության այլ ծրագրերի»,- ասել է Բորելը:

  • Կիսվել: