երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օգուտ կքաղենք հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում. Եգիպտոսի նախագահ

Օգուտ կքաղենք հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում. Եգիպտոսի նախագահ

Մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Կահիրեում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:

Եգիպտոսի նախագահը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,

Հարգելի ներկաներ և հյուրեր,

Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը  հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ, ինչը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին:

Հազարավոր հայեր ապրել են  Եգիպտոսում և իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և արվեստի։

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր կողմից անցկացրած բանակցությունները հաստատել են երկու երկրների սպասումները, որպեսզի ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, ինչպես նաև ուժեղացնենք ներդրումային գործոնը երկու կողմերի միջև, ինչը կհամապատասխանի երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համագործակցությունը կարող է զարգանալ նոր ոլորտներում ևս, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդային և դեղագործական արդյունաբերության։

Նաև այսօրվա խորհրդակցությունների ընթացքում հաստատել ենք եգիպտական փորձի փոխանակման  պատրաստակամությունը` ենթակառուցվածքների, շինարարության, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Ինչպես նաև մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կերպով ընդգծվել է տնտեսական և տեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստերի կիրառման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: