շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նրանք, ովքեր քաղաքացիներին անվանում են սորոսականներ, դավաճաններ են. Նիկոլ Փաշինյան

Նրանք, ովքեր քաղաքացիներին անվանում են սորոսականներ, դավաճաններ են. Նիկոլ Փաշինյան

Կառավարության կազմում «սորոսականների» ներգրավման մասին հարցին Կապանում կազմակերպված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց հարցով.

«Իսկ ի՞նչ է նշանակում սորոսական»։

Լրագրողն ի պատասխան ասաց, որ դրանք այն անձինք են, ովքեր երկար տարիներ «սնվել են» Սորոսի Բաց Հասարակության հիմնադրամի դրամաշնորհներով։

«Սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով և այդ թվում՝ այն իշխանության օրոք, որի կարկառուն ներկայացուցիչ է եղել ձեր թերթի խմբագիրը (նկատի ունի «Իրավունք» թերթի խմբագիր Հայկ Բաբուխանյանին, որը ՀՀԿ-ի կազմում ԱԺ պատգամավոր էր-խմբ.) և եթե այդքան վատ բան էր, թող փակեին։ Ինչո՞ւ չեք փակել։ Այդ գրասենյակը հինգ տոկոս աշխատել է մեր իշխանության տարիներին, 95 տոկոս՝ ձեր իշխանության տարիներին։ Ինչո՞ւ չեք փակել։ Էսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել։ Ինչո՞ւ չեք փակել։ Այսինքն՝ դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն։

Ուրեմն՝ նախ կսկսենք ձեզանից։ Դուք հիմա կանգնեք և Հայաստանի ժողովրդին բացատրություն տվեք՝ երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ գրասենյակը։ Ի՞նչ է նշանակում սորոսական։ Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ քաղաքացու հասցեին էդպիսի բան քամահրական ասեն։ Նրանք, ովքեր նման բան են ասում, կոռումպացված Հանրապետականներ են, նրանք պետական դավաճաններ են, ովքեր այդ դավաճանական կառույցին թույլ են տվել ՀՀ-ում գործել։ Եկեք հետաքննություն սկսենք, թե էդ մարդկանցից, որքանն ինչքա՞ն գրանտ է ստացել այդ կազմակերպությունից։ Եկենք սկսենք բացել այդ խոսակցությունը։ Գնացեք այդ հարցի պատասխանը ձեր լրատվամիջոցի ղեկավարի քաղաքական շրջանակից հարցրեք», -դիմելով լրագրողին, հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: